Հարգելի այցելու,
Սիրով ողջունում եմ Ձեզ Երևանի քաղաքապետարանի Ռ. Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցի ինտերնետային կայքում: Հուսով եմ, որ այցելելով մեր կայք` կստանալ դպրոցի մասին հնարավոր ամբողջական տեղեկատվություն: Կայքում առկա «Կրթական նյութեր» բաժնում կարող եք գտնել մեր ուսուցիչների պատրաստած էլեկտրոնային դասերը և այլ հետաքրքիր նյութեր: Կայքի «Նորություններ» բաժնից կարող եք տեղեկանալ դպրոցում տեղի ունեցող միջոցառումների, կարևոր իրադարձությունների մասին, իսկ «Ֆոտոալբոմ» բաժինից` գտնել դպրոցի նախկին շրջանավատների և դպրոցում անցկացվող տարատեսակ միոցառումների նկարներ: Ակնկալում եմ Ձեր աջակցությունն ինչպես թիվ 77 դպրոցի գործունեության, այնպես էլ մեր ինտերնետային կարքի զարգացման աշխատանքներում:
Դպրոցի պատմությունը
Թիվ 77 դպրոցը հիմնադրվել է 1953 թվականին: Դպրոցի հիմնադիրն էր Սերգեյ Հայրապետի Երեմյանը: Դպրոցն ուներ ընդհամենը 10 դասարան և 13 ուսուցիչ: Առաջին շրջանավարտները 14-ն էին: 1962 թվ.-ին թ.77 միջնակարգ դպրոցը ստացավ իր այսօրվա քառահարկ դպրոցական շենքը: 15 տարվա ընթացքում Սերգեյ Երեմյանը հավաքեց և կազմավորեց բանիմաց, փորձված ուսուցիչների մի կոլեկտիվ, որոնց շնորհիվ դպրոցում հաստատվեցին այնպիսի սկզբունքներ, որոնք այսօր էլ են գործում: 1968 թվականին Սերգեյ Երեմյանին փոխարինեց Էդվարդ Հակոբի Գասպարյանը: Այդ ժամանակ մանկավարժական կոլեկտիվը բաղկացած էր 70 ուսուցիչներից. դպրոցն ուներ 40 դասարան: Էդվարդ Գասպարյանը պահպանեց և ամրապնդեց դպրոցի լավագույն ավանդույթները: 1975 թվականին Էդվարդ Գասպարյանին հաջորդեց Ռաֆայել Սմբատի Խոջոյանը: Այդ ժամանակ մանկավարժական կոլեկտիվը կազմված էր 120 ուսուցիչներից, դպրոցն ուներ 51 դասարան,1200 աշակերտ: Խոջոյանի օրոք դպրոցն անցավ կաբինետային համակարգի:
